ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում: Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում:
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կնիկը բարկանում է.
— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թետղիդ հարսանիքն ես անում:
— Ի՞նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՜յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:
Կնիկը հանգստանում է, տանում է պահում:
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է միմարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
Ա՛խպեր, ա՜խպեր, հալա մի կանգնի:
Տղեն կանգնում է:
— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս: Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա՜ ասեմ, տեսնեմ ինչ է դուրսգալի:
— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քոապրանքը տանում...
— Դե էլ ի՞նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէի գտնում:
— Դե արի տար:
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:
— Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
— Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի,տարավ:
— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես-հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:
— Այ էն կողմը:
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է` մի ձիավոր քշած գալիսէ: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:
Գալիս է հասնում իրեն:
— Բարի օր, ախպերացու:
— Աստծու բարին:
— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ:
— Անց կացավ:
— Ի՞նչ ուներ շալակին:
— Եղ ու բրինձ:
— Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:
— Բավականին ժամանակ կլինի:
— Որ ձին քշեմ, կհասնե՞մ:
— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորս ոտը կփոխի — մի՛ն, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս — նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա:
— Բա ի՞նչպես անեմ:
— Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:
— Հա՜, էդ լավ ես ասում:
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն,ճամփեն ծռում, քշում:
Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում ենկռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում:
Комментариев нет:
Отправить комментарий