ՍՈՒՏԱՍԱՆԸ
Լինում է, չի լինում մի թագավոր: Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»:
1.Գալիս է մի հովիվ: Ասում է.
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում:
— Կպատահի՛, — պատասխանում է թագավորը: — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ. մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում,արեգակիցը վառում:
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում:
2.Գալիս է մի դերձակ: Ասում է.
— Ներողությո՜ւն, թագավոր, ես վաղ պիտի գայի, ուշացա: Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էիկարկատելու:
— Հա՜, լավ ես արել, — ասում է թագավորը, — բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց:
Սա էլ է դուրս գնում:
3.Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին: — Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ, — հարցնում է թագավորը:
— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:
— Մի կոտ ոսկի՞, — զարմանում է թագավորը: — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր:
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում, — խոսքը փոխում է թագավորը:
Ճշմարիտ եմ ասում` մի կոտ ոսկին տուր:
Комментариев нет:
Отправить комментарий