ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
Ա
Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը: Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ` շորերըփոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում: Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում միխուլ փողոցով: Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում: Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներսէ մտնում: Ներս է մտնում տեսնում` դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները:Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում:
— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ, — ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը:
— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստըծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք, — խնդրում է տանտերը: Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը:
Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփա դնում: Երբ երաժիշտները հեռանում են` դերվիշըտան տիրոջը հարցնում է.
— Անունդ ի՞նչ է, բարեկամ:
— Հասան:
— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՛նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անց կացնում քոժամանակը:
— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա, — պատասխանում է տան տերը: — Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախվայելել: Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում: Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմտալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար: Նստում ենք, ուրախանում: Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է`ավելի լավ:
— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի` ի՞նչ պիտի անես:
— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի:
— Է՛հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից... կամ ի՞նչ են արել նրան փինաչիները: Երբ էդպես բան կպատահի, էնժամանակ կմտածենք. այժմ քնենք, դերվիշ բաբա: Աստված ողորմած է. քեֆ անողին քեֆ չի պակսիր: Աշխարհքի բան է` ինչպես բռնես`էնպես էլ կերթա:
— Լա՜վ, աստված տա, որ էդպես լինի, — բարեմաղթում է դերվիշն, ու քնում են:
Բ
Առավոտը վաղ դերվիշը գնում է: Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալովհայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էս օրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստովպարապելու: Զանցառուների գլուխները կթռչեն:
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում:
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու: Դարձյալ անցնում է էն փողոցով, ուրապրում է ուրախ Հասանը: Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից: Ներս է մտնում:
— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա. համեցեք, նստիր քո տեղը:
Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կես գիշեր:
Կես գիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում: Մնում են տան տերն ու հյուրը:
— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա:
— Ի՞նչ պատահեց:
— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն: Էսօր թագավորը հրաման հանեց — մեր արհեստն արգելեց...
— Ի՞նչ ես ասում, — զարմանում է հյուրը: — Հապա որտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր:
— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում: Օրական ինչ աշխատում եմ` մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը` երաժիշտներին ուդարձյալ քեֆ եմ անում:
— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու:
— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալիս, որ արգելի: Եվ ի՞նչու էսօրվանից դարդ անեմ դրա համար: Երբ որ կարգելի, էնժամանակ կմտածեմ: Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ:
— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան, — բարեմաղթում է դերվիշն ու հեռանում:
Գ
Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրըաստըծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու: Պատռել բոլոր ջրկիրների տիկերն և ջարդել նրանց կժերը:
Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում:
Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու: Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը: Դարձյալուրախության և երգի ձայներ: Ներս է մտնում:
— Ա՜յ, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՛ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք: Ուրախանանք,դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել:
— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է: Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է, թող ուրախանա, — բացականչում է դերվիշն ու նստումՀասանի կողքին:
Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում: Մնում են դերվիշն ու տանտերը:
— Հասան ախպեր. Էսօր ի՜նչ լսեցի. ասում ես թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք:
— Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին: Ա՜խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես` մյուս օրըկատարվում է:
— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում: Ո՞րտեղից ես գտել էս փողը:
— Երանի թե մարդու պակասը փողը լինի: Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա: Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան էտալիս. բերում եմ մի մասը ապրուստս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը: Բանը մարդու սիրտն է,դերվիշ բաբա:
— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, — բացականչեց դերվիշը:
— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞:
— Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա, — պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին:
Դ
Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը:
— Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը:
— Ես եմ, — պատասխանեց զարմացած Հասանը:
— Թագավորի հրամանով հետևիր մեզ:
Ուղիղ պալատը տարան Հասանին: Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել: Պալատականի զգեստ հագցրին, միթուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև: Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը:Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե` գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու:
Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու:
Գնաց մոտեցավ Հասանի տանը: Ականջ դրեց: Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը: Հասանը քեֆ է անումդարձյալ: Ներս մտավ:
— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՜. երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել:
— Ի՜նչ ես ասում:
— Աստված վկա:
— Եվ երևի շատ փող է տվել...
— Չէ՜ ինչ փող. մի գրոշ չտվին: Դատարկ տուն ղրկեցին:
— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում:
— Նստի՛ր, ասեմ որտեղից: Մի թուր են կապել մեջքս: Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե` հո ես մարդ չեմ սպանելու: Տարա պողպատիշեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի` եկա տուն: Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի: Լավ եմ արել,չէ՞, դերվիշ. ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր:
— Հա՜, հա՜, հա՜, — ծիծաղեց դերվիշը: — Լավ անելը` լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե` կտրի էսհանցավորի գլուխը` ի՞նչ ես անելու:
— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ, — բարկացավ Հասանը: — Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞սկարող մի լավ բան ասել....
Ու շատ վշտացավ Հասանը: Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի:
Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի:
— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը:
— Ապրած կենաս, մեծ թագավոր, — պատասխանեց սարսափած Հասանը, — ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող: Փորձվածմարդիկ շատ կան քո պալատում. հրամայիր մի ուրիշը կտրի...
— Ես քեզ եմ հրամայում, — սաստեց թագավորը, — եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի: Հանի՛ր թուրդ...
Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.
— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես: Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթեարդար է, թող փայտ դառնա իմ թուրը...
Ասավ, դուրս քաշեց թուրը... Փա՜յտ: Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած: Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև: Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին: Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրիզարկին: Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով` հոչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ուլավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս, ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում:
Комментариев нет:
Отправить комментарий